Բոլորին թվում էր՝ քաղաքական տարին բացելու պատիվը տրված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով հունվարի 20-ին մեծ խորհրդաժողով է հրավիրել՝ մեծ հավակնություններով, սակայն առանց կոնկրետ օրակարգի:
Բայց խեղճ ժողովուրդն իր հոգսերն ունի: Մինչ հայաստանյան իշխանական, «այլընտրանքային», նույնիսկ «հեղափոխական» էլիտաներն իրենց ամանորյա կերուխումն են անցկացնում հայրենի չնաշխարհիկ վայրերում կամ արտերկրի ճոխ հանգստավայրերում, մեր հասարակության ճնշող մեծամասնությունն օրվա հացի կարոտ է, այնքան ընչազուրկ ու անպաշտպան, որ տոն օրով ստիպված ակցիա է անում, արդարություն մուրում պետական այս կամ այն գրասենյակի մոտ:
Այսօր «Սանիտեք» ընկերության տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պահանջել են վճարել իրենց հասանելիք աշխատավարձը: «Մեզ աշխատացրել են, համ բանվորի գործ ենք արել, համ ավելի, բայց մեզ խաբել են, գումարի կեսն են տվել, մեր աշխատավարձը չեն տալիս: Մենք մեր գումարն ենք պահանջում»,- հայտնել են բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանց խոսքերով, «Սանիտեք» ընկերությունը, որի ղեկավարներն ազգությամբ արաբ են, հրաժարվում են աշխատավարձը վճարել:
Բնականաբար, էս խեղճ ու կրակ մարդկանց ոչ ոք չի ընդունել: Նախ, ոչ աշխատանքային օր է, ու շենքում հնարավոր է պատասխանատու պաշտոնյա էլ չլինի: Բայց եթե նույնիսկ աշխատանքային օր լիներ, ու ցուցարաներին ընդունեին, պատասխանը գրեթե հարյուր տոկոսով կարելի է կանխատեսել: Մեր իմաստուն այրերը, դեմքի լուրջ արտահայտությամբ, «քցված» մարդկանց ասելու էին, որ իրենք չեն կարող միջամտել մասնավոր հիմնարկի գործատուի ու աշխատողի հարաբերություններին՝ մոռանալով, իհարկե, այն մասին, որ քաղաքացին իրավունք ունի հայցել պետության իրավական, սոցիալական պաշտպանությունը:
Այստեղ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ «Սանիտեք» ընկերության տերերն արաբներ են: Ի վերջո, Հայասատանում աշխատող մարդկանց իրավունքներն արհամարհում, անտեսում են նաև մեր օլիգարխներն ու գուցե ավելի շատ, քան՝ օտար ներդրողները:
Խնդիրը Հայաստանում ստեղծված տնտեսական անառողջ միջավայրն է, կոռուպցիոն երևույթները: Գործ դնողները՝ օտար, թե տեղացի, ապավինում են ոչ թե օրենքին, այլ փնտրում են «տանիքներ», «մուծվում» են նրանց, հետո «բարձր»
հովանավորությամբ կեղեքում են հասարակ մարդկանց՝ նրանց դարձնելով բողոքավոր կամ օտար ափերում դեգերող ղարիբ: «Տանիք» կանգնող պաշտոնյային բնավ չի հետաքրքրում այն հանգամաքը, որ հարյուրավոր, հազարավոր մարդկանց մոտ արժեզրկում, իմաստազրկում է այն, ինչը կոչվում է պետություն, իրական հայրենիք:
Այդ «տանիքները» խոպանչու նույն հոգեբանությունն ունեն, ինչ բանվորներին խաբած «Սանիտեք» ընկերության արաբ տերերը: Այն տարբերությամբ, որ արաբները խոպան են եկել օտար երկրում, մերոնք՝ սեփական հայրենիքում՝ անհայրենիք իրենց մտածողությամբ:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ